Կառավարության հերթական նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է «ՀՀ-ում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում է մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) դրոշմավորման իրականացում նույնականացման միջոցներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն։ Կառավարության նիստում որոշումն ընդունվել է միաձայն։

Միաժամանակ, առաջարկվում է նույնականացման միջոցներով դրոշմավորումը ներդնել փուլերով՝ տարբեր ապրանքախմբերի համար սահմանելով ներդրման տարբեր ժամկետներ։ Օրինակ՝ ըմպելիքների, պահածոյացված մթերքի մասով պարտադիր դրոշմավորման ներդրման ժամկետը սահմանվել է այս տարվա մարտի 1-ը, կաթնամթերքի դեպքում հունիսի 1-ը, յուղերի դեպքում՝ սեպտեմբերի 1-ը, իսկ դեղերը նույնականացման նշաններով պարտադիր կդրոշմավորվեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Ի դեպ, նախքան պարտադիր դրոշմավորմանն անցում կատարելը` յուրաքանչյուր ապրանքախմբի համար իրականացվել է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր, որի շրջանակում ՊԵԿ-ը և Ազգային օպերատորը (e-Mark) կազմակերպել են հանդիպումներ արտադրող ու ներմուծող ընկերությունների հետ, ներկայացրել գործընթացը, ներգրավել կամավոր մասնակիցներ և ուսումնասիրել նրանց բիզնես ու արտադրական գործառնությունները և այլն։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից․ մարտի 15-ից նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, հոկտեմբերի 15-ից` ալկոհոլային ապրանքները, իսկ 2024 թվականի մայիսի 1-ից փաթեթավորված խմելու ջուրը։

Տեսանյութ

Լուսանկարներ