Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություն
«Տեղեկատվության ազատության» մասին ՀՀ օրենք, հոդված 7`
տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը
Յուրաքանչյուր պետական մարմին, բացի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելը, պարտադիր` օրենսդրությամբ սահմանված կարգով, մշակում և հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը, տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է.
Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները.
- հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները,
- բյուջեն,
- գրավոր հարցումների ձևերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները,
- հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
- աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը,
- շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
- հասարակական միջոցառումերի ծրագրերը,
- քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը,
- աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
- տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը,
- ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը,
- սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները,
- սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Տեղեկություն տրամադրելու կարգ
Համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի՝ խնդրում ենք ստորագրված և կնքված (առկայության դեպքում) գրավոր հարցումն ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե` համաձայն ստորև ներկայացվող օրինակելի ձևի։
Տեղեկություն ստանալու և հարցում ներկայացնելու կարգի վերաբերյալ պարզաբանումներ
1. Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը
ՀՀ սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 3. «Տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է»:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 6. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:
Անձն ունի ոչ միայն տվյալ տեղեկությանը ծանոթանալու իրավունք, այլև տվյալ փաստաթղթում առկա տեղեկությունը կամ փաստաթղթի պատճեն ստանալու իրավունք:
2. Ու՞մ կարելի է դիմել տեղեկություն ստանալու համար
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` մարդիկ կարող են տեղեկություն ստանալ.
- պետական կառավարման մարմիններից,
- տեղական ինքնակառավարման մարմիններից,
- պետական հիմնարկներից,
- պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից,
- հանրային նշանակության կազմակերպություններից,
- պաշտոնատար անձանցից:
Յուրաքանչյուր մարմնում տեղեկություն տալու պարտավորությունը դրված է տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի վրա, ով պարտավոր է ժամանակին ընթացք տալ տեղեկություն ստանալու հարցումներին:
Հանրային նշանակության կազմակերպություններն են շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, առևտրի, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունները (օրինակ, մասնավոր բուհերը, դպրոցները, հիվանդանոցները և այլն):
3. Ի՞նչ տեղեկատվության է տնօրինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (այսուհետև կոմիտե) տնօրինում է.
- Կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ՝ կառուցվածք, գործառույթներ, կոմիտեի իրավասության ոլորտների առնչությամբ քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ տեղեկություններ, կոմիտեի կողմից մշակվող և հանրային քննարկման ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, կոմիտեի գործունեությունը կարգավորող կամ կոմիտեի իրավասության ոլորտներին առնչվող իրավական ակտեր, պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկատվություն, ելույթներ, հայտարարություններ, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններ, մշտապես գործող մարմիններ, կոմիտեի տարեկան ծրագրերի իրականացման, ոլորտային միջոցառումների ծրագրեր, կոմիտեի գործունեությանը վերաբերող հաշվետվություններ, զեկույցներ, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, բյուջեի, վերլուծությունների, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, իրականացված ստուգումների, ստացված դիմումների, թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկություններ և այլ:
- Կոմիտեի գործունեության ոլորտներին վերաբերող այլ տեղեկություններ:
4. Ինչպե՞ս դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե` տեղեկություն ստանալու համար
Տեղեկություն ստանալու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտե պետք է դիմել տեղեկատվություն տնօրինողին գրավոր, էլեկտրոնային կամ բանավոր հարցումով: Տեղեկություն ստանալու հարցում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
Էլեկտրոնային հարցում կարելի է ուղարկել.
- ՊԵԿ պաշտոնական կայքում առկա «Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե» բաժնի միջոցով
- էլեկտրոնային հասցեից՝ ՀՀ ՊԵԿ ընդհանուր պաշտոնական էլեկտրոնային հասցեին` secretariat@petekamutner.am
- կառավարության կողմից գործարկված էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակի միջոցով:
Գրավոր հարցման մեջ անհրաժեշտ է նշել դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը։ Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը): Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես կարող է չքննարկվել:
Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձևակերպել անհրաժեշտ տեղեկությունը: Եթե պահանջում եք կոնկրետ փաստաթուղթ, ապա պետք է նշել բոլոր այն տվյալները, որ կան կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ:
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝
- դա չի պարունակում դիմողի վերաբերյալ պահանջվող տվյալները
- պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են
- դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ այն դեպքի, երբ տրամադրվել է ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն։
- Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր կամ էլեկտրոնային հարցմամբ: Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ պատասխանը ուշանա, կարելի է բողոքարկել: Պետք է պահանջել, որ գրավոր հարցումն անպայման գրանցվի և նշվի հարցման գրանցման համարը:
Գրանցման համարի միջոցով հետագայում կարելի է պարզել, թե հարցումն ում է մակագրված և ով է պատասխանատու: Էլեկտրոնային հարցման դեպքում անհրաժեշտ է պահպանել նամակն ուղարկելու փաստը հաստատող տեղեկությունները, իսկ e-request հարթակով ուղարկելու դեպքում՝ հսկիչ համարը:
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը:
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 5)
Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում այն օգտագործել:
5. Ի՞նչ ժամկետներում պետք է տրամադրվի պահանջվող տեղեկությունը
Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում՝
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, կոմիտեն գրավոր տեղեկացնում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը
- եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
- եթե տեղեկատվություն տնօրինողը չունի պահանջվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում պարտավոր է գրավոր տեղեկացնել այդ մասին դիմողին, իսկ հնարավորության դեպքում նաև տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում, եթե՝
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը,
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 5,6)
6. Ո՞ր դեպքում կարող է մերժվել տեղեկության տրամադրումը
Տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե՝
- պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք,
- խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը,
- պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
- բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
- խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 8, ենթակետ 1)
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաև, եթե.
- հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
- պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
- դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է:
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 3)
Բանավոր հարցման պատասխանը կարող է մերժվել, եթե․
- բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին:
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9, ենթակետ 6)
7. Ո՞ր դեպքում տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե՝
- վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին,
- ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
- չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
(«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 8, ենթակետ 3)
8. Ո՞րն է սահմանափակ տեղեկությունը:
Սահմանափակ է համարվում այն տեղեկությունը, որը ստանալու համար կարող է դիմել միայն այն անձը (կամ սահմանված կարգով լիազորված անձը), որին վերաբերելի է տվյալ տեղեկությունը: Մյուս բոլոր դեպքերում տեղեկությունները համարվում են հանրամատչելի և կարող են տրվել յուրաքանչյուր հայցողի՝ սահմանված կարգով դիմելու դեպքում:
9. Ի՞նչ տեսքով կարելի է ձեռք բերել տեղեկությունները:
Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով (թուղթ, դիսկետ, էլեկտրոնային նամակ և այլն): Եթե նյութական կրիչը նշված չէ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկատվություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով: Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը:
10. Կատարվո՞ւմ է արդյոք գանձում տեղեկատվության տրամադրման համար:
Տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով: Տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
- բանավոր հարցումներին պատասխանելիս.
- մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
- 1) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս,
2) տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս, որոնց հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը,
3) տեղեկության տրամադրումը մերժելիս։
Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
11. Ինչպե՞ս կարելի է բողոքարկել տեղեկություն ստանալու մերժումը
Օրենսդրությամբ սահմանվում է տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության երեք ձև`
- վերանայում վերադասության կարգով,
- բողոքարկում մարդու իրավունքների պաշտպանին,
- բողոքարկում դատական կարգով:
Տեղեկություն ստանալու մերժումը կարելի է բողոքարկել խախտումը թույլ տված մարմնի վերադասին: Եթե վերադասը ուժի մեջ է թողնում մերժումը, քաղաքացին, որպես հաջորդ քայլ, կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ ուղղակի դատարան: Ի դեպ, այս մարմիններին կարելի է դիմել նաև առանց վերադասության կարգով բողոքարկելու:
12. Ի՞նչ անել, եթե պատասխանը բավարար չէ:
Եթե տեղեկություն ստանալու հարցմանը տրված պատասխանը բավարար չէ, դիմողը կարող է այն բողոքարկել 7-րդ կետում նշված կարգով:
13. Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար:
ՀՀ Սահմանադրություն, 51 հոդված, 3-րդ մասը սահմանում է.
Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով։ Տեղեկություն տրամադրելուց ապօրինի հրաժարվելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաև «ՏԱ» օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են քրեական և վարչական պատասխանատվություն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (2003թ. դեկտեմբերի 1) 1 հոդվածի 1 մաս`
«Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
ՀՀ Քրեական օրենսգրքի 148 հոդվածով`
«Անձին տեղեկություն ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 400-ապատիկի չափով»:
Լրագրողի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար սահմանվում է հատուկ պատասխանատվություն: ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածով`
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» պատասխանատվություն է սահմանվում նրա գործունեությանը խոչընդոտելու դեպքում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Եթե նույն արարքը կատարել է պաշտոնական անձն իր պաշտոնական դիրքն օգտագործելով` ենթակա է պատասխանատվության ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Սույն ուղեցույցը նպատակ ունի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների հիման վրա սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) կողմից անձնական տվյալների մշակման ցուցումներ, այդ թվում՝ անձնական տվյալներ մշակելու անվտանգության ապահովման միջոցների և մշակողի պարտականությունների, այլ պետական մարմիններին անձնական տվյալների փոխանցման, անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատուի, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ վերապատրաստման մասին:
Սույն ուղեցույցում տերմիններն օգտագործվում են նույն իմաստով, ինչ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում. «պետական մարմիններ» եզրույթի շրջանակում նկատի ունենք պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական կամ համայնքային հիմնարկներին կամ կազմակերպություններին, իսկ «պետական մարմինների աշխատող» եզրույթի շրջանակում նկատի ունենք պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական կամ համայնքային հիմնարկներին կամ կազմակերպությունների ցանկացած աշխատողի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից (հաստիքից), պաշտոնի տեսակից, պայմանագրի տեսակից և այլ առանձնահատկություններից:
1. Անձնական տվյալներ մշակելու հիմքը, տվյալների մշակում նախատեսելը, տվյալներ ստանալը
ՊԵԿ կողմից անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել` անձնական տվյալները կարող են հավաքվել, ամրագրվել, մուտքագրվել, համակարգվել, կազմակերպվել, պահպանվել, օգտագործվել, վերափոխվել, վերականգնվել, փոխանցվել, ուղղվել, ուղեփակվել, ոչնչացվել, կամ դրանց հետ այլ գործողություն կարող է կատարվել բացառապես օրենքներով (օրենքի մակարդակում) ուղղակիորեն սահմանված դեպքերում և կարգով:
Այն պարագայում, երբ անհրաժեշտ է, որ ՊԵԿ օգտվի անձնական տվյալի մշակման համաձայնության հիմքերից, անհրաժեշտ է, որ այդ հնարավորությունը (հայեցողությունը) նույնպես նախատեսված լինի օրենքով:
Անձնական տվյալների մշակում նախատեսող օրենքներ նախագծելիս, օրենսդրական նախաձեռնություն իրականացնելիս ՊԵԿ պետք է առաջնորդվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով, այդ թվում` սահմանի անձնական տվյալների մշակման որոշակի նպատակ, նախատեսի սահմանված նպատակին հասնելու համար անձնական տվյալների մշակման պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոցներ, նախատեսի սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակի անձնական տվյալների մշակում, չնախատեսի այնպիսի անձնական տվյալների մշակում, որոնք անհրաժեշտ չեն սահմանված նպատակին հասնելու համար, չնախատեսի անձնական տվյալների մշակում, եթե սահմանված նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված ձևով, նախատեսի անձնական տվյալների մշակման այնպիսի ժամկետ, որն անհրաժեշտ է սահմանված (այդ թվում՝ արխիվային պահպանության) նպատակին հասնելու համար, նախատեսի կենսաչափական անձնական տվյալների մշակում, եթե սահմանված նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով:
ՊԵԿ կարող է ստանալ կամ ձևավորել անձնական տվյալներ միայն օրենքներով ուղղակիորեն սահմանված դեպքում և կարգով:
2. Անձնական տվյալների անվտանգությունը, տվյաների օգտագործումը
Անձնական տվյալների մշակում իրականացնելիս, ՊԵԿ պետք է առաջնորդվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի դրույթներով:
ՊԵԿ և ՊԵԿ աշխատողները ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև դրա ավարտից հետո իրենց վստահված անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը ծառայողական կամ աշխատանքային նպատակներով օգտագործելիս պետք է ձեռնարկեն անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ անձնական տվյալների պաշտպանությունն անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից պաշտպանելու համար: Սա վերաբերում է ինչպես ՊԵԿ աշխատողների աշխատանքի կազմակերպմանը, այնպես էլ նրանց կողմից օգտագործվող համակարգչային և այլ տեխնիկական միջոցների պաշտպանվածությանը:
Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ՊԵԿ աշխատողը չի կարող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով իրեն վստահված անձնական տվյալներն օգտագործել ծառայողական կամ աշխատանքային նպատակների հետ չկապված այլ, այդ թվում՝ անձնական նպատակներով:
Եթե ՊԵԿ աշխատողին ծառայողական կամ աշխատանքային նպատակներով անձնական տվյալներ կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր օգտագործելիս անհրաժեշտ է օգտվել անձնական (ոչ ծառայողական) տեխնիկական միջոցներից (այդ թվում՝ հեռախոս, համակարգիչ և այլն), ապա ՊԵԿ աշխատողն անձնական տեխնիկական միջոցների համար պետք է ապահովի այն նույն պաշտպանվածությունը, ինչ ապահովված է ծառայողական տեխնիկական միջոցների համար: Հակառակ պարագայում անձնական տեխնիկական միջոցներով ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների համար անհրաժեշտ անձնական տվյալների մշակումն արգելվում է:
Եթե ՊԵԿ աշխատողին անհրաժեշտ է խորհրդակցել այլ անձանց (այդ թվում՝ այլ աշխատողի կամ այլ պետական մարմնի աշխատողի) հետ, և այդ նպատակով պետք է փոխանցի ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած և ոչ հանրամատչելի անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր, ապա ՊԵԿ աշխատողը պետք է առաջնորդվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի դրույթներով, մասնավորապես՝ տվյալներն այլ գերատեսչություն փոխանցել ապանձնավորված կերպով և նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:
ՊԵԿ աշխատողը Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից (օրինակ՝ «Mulberry» համակարգ) օգտվելիս պետք է սահմանափակի այլ աշխատողների հասանելիությունը ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած և ոչ հանրամատչելի անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերին՝ համակարգի կարգավորումների միջոցով անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը հասանելի դարձնելով միայն այն ծավալով և այն աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքային պարտականություններից ելնելով կարող են կամ պետք է առնչվեն տվյալ փաստաթղթին:
ՊԵԿ աշխատողը, ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած և ոչ հանրամատչելի անձնական տվյաների արտահոսքը կանխելու նպատակով, չպետք է կողմնակի անձանց (այդ թվում` պետական համակարգի այլ աշխատողներին) փոխանցի Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (օրինակ՝ «Mulberry» համակարգի) իր անձական էջ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:
ՊԵԿ աշխատողի՝ աշխատանքից ազատվելու պարագայում անհրաժեշտ է արգելափակել տվյալ անձի Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անձնական էջը՝ նրա կողմից այլ տեխնիկական սարքավորումներից և անձնական նպատակներով համակարգ մուտք գործելը կանխելու համար:
Վերոնշյալ կանոնները վերաբերում են նաև նյութական կրիչով (ներառյալ՝ թղթային տարբերակով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծառայողական կամ աշխատանքային նպատակներով ՊԵԿ աշխատողին վստահված կամ հայտնի դարձած և ոչ հանրամատչելի անձնական տվյալների հասանելիության սահմանափակմանը՝ նյութական կրիչի կամ էլեկտրոնային փոստի մատչելիությանը վերաբերելի միջոցներով: Մասնավորապես, ՊԵԿ աշխատողը պետք է օգտվի ծառայողական էլեկտրոնային փոստից (եթե այդպիսին առկա է) կամ այնպիսի էլեկտրոնային փոստից, որն ապահովում է տվյալների բավարար պաշտպանության մակարդակ, էլեկտրոնային փոստի մուտքանունը և գաղտնաբառը չտրամադրի այլ անձանց, անձնական տվյալներ պարունակող նյութական կրիչը աշխատասենյակում (աշխատասեղանին) պահի այնպես, որ կանխվի անձնական տվյալների արտահոսքը (փաստաթղթերը պահի կողպվող դարակում, աշխատասենյակից բացակայելիս կամ այլ անձանց ընդունելիս չթողնի անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը տեսանելի վայրում և այլն):
3. Անձնական տվյալների գաղտնիությունը
Անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ:
Անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՊԵԿ տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է դասակարգվեն որպես որևէ գաղտնիք:
ՊԵԿ և ՊԵԿ աշխատողները պարտավոր են պահպանել երրորդ անձանց ոչ մատչելի կամ ոչ հանրամատչելի անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո:
4. Անձնական տվյալների փոխանցումն այլ պետական մարմիններին
ՊԵԿ տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներն այլ պետական մարմիններին կարող են փոխանցվել միայն օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
ՊԵԿ տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներն օտարերկրյա պետական մարմիններին կարող են փոխանցվել միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:
ՊԵԿ տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
5. Անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատուն
Կախված տվյալների մշակման դեպքից` անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու է այն պաշտոնատար անձը, ով, իր լիազորությունների շրջանակով պայմանավորված, ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անձնական տվյալներ մշակողի պարտականությունների կատարումը:
6. Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ ՊԵԿ աշխատակիցների վերապատրաստումը
ՊԵԿ՝ անձնական տվյալների մշակման հետ առնչվող աշխատակիցները պետք է անցնեն պարբերական (ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ) վերապատրաստում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:
Վերապատրաստումն իրականացվում է անձնական տվյալների լիազոր մարմնի կողմից սահմանված ժամանակացույցով և թեմաներով:
ՊԵԿ նախաձեռնությամբ (առաջարկությամբ) և անձնական տվյալների լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են իրականացվել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ ՊԵԿ համար անհրաժեշտ քանակի և թեմաներով ուսուցումներ:
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Պատասխանատու |
Հեռ․ |
Էլ․ փոստ |
Լուսինե Մկրտչյան
|
|
Գաղտնազերծված փաստաթղթեր
2023թ․ դրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գաղտնազերծված փաստաթղթեր առկա չեն։ |