Հարկ վճարողի հաշվառում (ՀՎՀՀ-ի ստացում առցանց)
1․ Ինչպես է իրականացվում հարկ վճարողների հաշվառումը
Հարկային մարմնի կողմից հարկային վարչարարության իրականացման նպատակով հարկային մարմինն իրականացնում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հաշվառում, որն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների միջոցով։
2․ Ինչ է հարկ վճարողի հաշվառման համարը
Հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ) հանդիսանում է նրա նույնականացման կոդը: Այն միակն է և ենթակա չէ փոփոխման: ՀՎՀՀ-ն չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողի:
Ֆիզիկական անձին տրամադրված ՀՎՀՀ-ն որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում մնում է անփոփոխ: Անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ ՀՎՀՀ-ն, որը չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո հարկ վճարողը, որպես անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, հարկային մարմին է ներկայացնում հարկային հաշվարկներ:
ՀՎՀՀ-ն կազմված է ութանիշ թվից: ՀՎՀՀ-ի առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվարկվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա:
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
X |
Հերթական համար |
Ստուգիչ նիշ |
3․ Հարկային մարմնում հաշվառման կանգնելը
|
Ում միջոցով են ստանում ՀՎՀՀ-ն |
Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները և պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը |
Պետական ռեգիստրի գործակալության |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի |
Նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, |
Հարկային մարմնի |
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, մշտական հաստատությունները (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) |
Հարկային մարմնի |
Հարկային մարմնում իրականացվում է նաև ԱԱՀ վճարողների հաշվառում` ԱԱՀ վճարողի հաշվառման համարների հիման վրա: ԱԱՀ վճարողի հաշվառման համարը ՀՎՀՀ-ն է, որի վերջում ավելացված է թեք գիծ և «1» թվային նիշը:
Որպես ԱԱՀ վճարող, հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը հարկային մարմնում առկա տվյալների հիման վրա, իսկ օրենսգրքով սահմանված առանձին դեպքերում հարկ վճարողի ներկայացրած հայտարարության հիման վրա:
4․ Որտեղ է կատարվում հաշվառումը՝ ըստ հարկ վճարողների
Պետական ռեգիստրի գործակալությունում նոր գրանցված կազմակերպություն |
իր պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` պետական հաշվառման) վայրի հասցեն սպասարկող հարկային մարմնում |
Պետական ռեգիստրի գործակալությունում նոր հաշվառված անհատ ձեռնարկատեր |
իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում |
Նոտար |
իր նոտարական տարածքը սպասարկող հարկային մարմնում: Նոտարական տարածքը և հարկային մարմնի սպասարկման տարածքները չհամընկնելու դեպքում նոտարը հաշվառվում է իր գործունեության իրականացման հասցեն սպասարկող հարկային մարմնում |
Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ |
իր բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում |
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ |
իրենց մշտական ներկայացուցչության (մասնավորապես` նստավայր, գրասենյակ) գտնվելու տարածքը սպասարկող հարկային մարմնում |
Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) |
Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային մարմնում |
Ուշադրություն
Հարկ վճարողը համարվում է հաշվառված հարկային մարմնում միասնական էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:
5․ Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ հարկային մարմնում հաշվառվելու համար
Հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) նոտարների կողմից`
• ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
• նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենը.
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
• հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից
• ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
• հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից
• լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
• կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը:
4) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից
• լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը,
• ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը։
5) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից
• ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը,
• անձնագրի պատճենը:
Հարկ է նկատի ունենալ, որ.
Նոտարները, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են հաշվառվել հարկային մարմնում առցանց եղանակով: Վերոնշյալ անձիք, ովքեր ունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերի հաջորդականությունը նկարագրված է www.ekeng.am կայքում) կարող են մուտք գործել https://file-online.taxservice.am կայք («Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ») և ՀՎՀՀ ստանալ` սեղմելով «Ներկայացնել դիմում» կոճակը: